46-ամյա երգչուհի Լիլիթ Կարապետյան խոսել է ծննդյան անակնկալի, տարիքից նեղսրտելու և կյանքի բարդ ճանապարհներից չչարանալու մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է 46-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է օրվա անակնկալի, որդու շնորհավորանքի, նրա հետ ամուր կապի, տարիքից նեղսրտելու և կյանքի բարդ ճանապարհներից չչարանալու մասին։

Լիլիթի խոսքով՝ ծննդյան օրը սկսել է ընկերների կեսգիշերային անակնկալով։ «Գրեթե միշտ այդ օրն այդ ժամին աշխատավայրում եմ լինում, որովհետև երգում եմ ակումբում։ Այս անգամ անակնկալը յուրահատուկ էր, որովհետև նոր կոլեկտիվում եմ։ Տորթով, մոմերով, երաժշտությամբ կեսգիշերին շնորհավորեցին ինձ։ Առհասարակ, կեսգիշերի անակնկալները շատ եմ սիրում, որովհետև օրդ լավ ես սկսում։ Ստացվեց այնպես, որ ծնունդս բավականին մեծ նշվեց, իմ պատկերացրածին մոտ չէր։ Կազմակերպիչները երկու մտերիմ ընկերուհիս էին, որոնց վաղուց եմ ճանաչում։ Ընկերներս իմ կյանքում շատ մեծ տեղ ունեն։ Իհարկե, առաջին տեղում ընտանիքս է, բայց լինում են իրավիճակներ, երբ ընտանիքը երկրորդ պլան է մղվում, առաջին տեղում լինում է ընկերությունը»,- ասաց նա։

Երգչուհին հայտնեց, որ այսօր չի նշի օրը։ «Այսօրվա համար ոչինչ չեմ ծրագրում, ես, մայրս, որդիս կլինենք տանը, ոչինչ չի լինելու։ Եթե ներսում տրամադրություն չկա, չես կարող ուրախ լինել ու ինչ-որ բան ծրագրել, նշել։ Կարծում եմ՝ միայն ես չէ, որ այսպիսի իրավիճակում եմ։ Եթե կեսգիշերի անակնկալը չլիներ, մենք հաստատ ոչինչ չէինք ծրագրի»,- նկատեց նա։

Լիլիթն ասաց, որ որդին՝ 12-ամյա Կարենը, մայրիկին կեսգիշերին է շնորհավորել։ «Գիշերը զանգահարեց, շնորհավորեց, ինձ առողջություն, հաջողություն մաղթեց։ Այսօր դեռ չի արթնացել, բայց հաստատ մի յուրահատուկ անակնկալ կանի, ինչպես ամեն տարի։ Երբ փոքր էր, անակնկալները մայրիկիս օգնությամբ էր անում, հիմա արդեն 12 տարեկան է, ինքնուրույն է մտածում։ Մեր կապը շատ ամուր է, առաջ այդպես չէր։ Նախկինում երկրից դուրս շատ շրջագայություններ էի ունենում, հիմա միասին երկար ժամանակ ենք անցկացնում։ Արդեն երկու տարի է՝ չափից դուրս կապված ենք։ Ինքս տեսակով այնպիսի ծնող եմ, որ ապրում եմ Կարենով։ Երբ հանկարծ տրամադրություն չի ունենում, այն աշխարհում եմ հայտնվում։ Դա սխալ եմ համարում, հայկական թերություն է, որն ինձ մոտ ևս կա։ Կարենը գիտի, որ ցանկացած հնարավոր ու անհնարին բան կանեմ իր համար, չեմ հիշում՝ չէ բառն ասե՞լ եմ իրեն, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ որդիս այդ ամենը չի չարաշահել»,- պատմեց Լիլիթը։

Երգչուհին տարիքի թվի մասին խոսել չի սիրում, ասում է՝ բոլորն էլ գիտեն, ինչու ևս մեկ անգամ հիշեցնի այդ մասին։ «Ամեն անգամ նշելիս ինձ այլ կերպ եմ զգում։ Հիմա որդիս 12 տարեկան է, բայց, հաշվի առնելով տարիքս, պետք է բավականին մեծ լիներ։ Անընդհատ որդուս ասում եմ, որ պետք է շուտ ամուսնանա։ Ինձ միշտ էլ ավելի փոքր են ընկալում, ներքուստ էլ ինձ ավելի փոքր եմ զգում։ Երբեմն, մտածում եմ՝ հնարավո՞ր է տարիքս շփոթմունքով են այդքան նշել։ Իմ երիտասարդության գաղտնիքը լավատեսությունս է։ Ցանկացած երևույթի, մարդու մեջ միայն լավն եմ տեսնում։ Նույնիսկ ամենավատ մարդու մեջ կարող ես լավը գտնել, պետք է անընդհատ հիշել այդ լավը, որպեսզի նրա հետ շփումը ստացվի»,- ասաց Լիլիթը։

Երգչուհին շեշտեց՝ որքան էլ իր կյանքի ճանապարհները հեշտ չեն եղել, պահպանել է այդ լավատեսությունը։ «Իմ ընտանիքում մեծ կորուստ եմ ունեցել, տարիներ առաջ մահացել է եղբայրս։ Շատերը նման վշտից հետո չարանում են, որովհետև թույլ են, ես ուժեղ եմ եղել։ Շատերը նման դեպքից հետո այլ ընտանիքի վշտի դեպքում սառն են դատում, միմիկա չեն փոխում, իսկ ես շատ զգացմունքային եմ, ուրիշի ցավով ապրում եմ։ Իհարկե, դա խանգարում է, բայց չեմ կարող փոխվել։ Լինում է, երբ մտածում եմ՝ սխալ եմ ապրել, զղջում եմ, որ ինձ համար չեմ ապրել, բայց ի՞նչ կարող եմ անել, այդպիսին եմ»,- եզրափակեց նա։

Հեղինակ Մարիամ Խաչատրյան

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика