100-ամյա գյումրեցի տատիկը բացահայտում իր երկարակեցության պարզ գաղտնիքը

Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը։ Armeniasputnik.am-ը գրում է․ Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմում է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։ Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան օրն ու ամիսը չգիտի:

Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամսվա ու օրվա փոխարեն՝ զրոներ են: Դա միակ բանն է, որ տատի հիշողության մեջ դաջված չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ սթափ ու ճշգրիտ պատասխան է տալիս: Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել:

Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի համար: Ապրում է միայնակ. 4 երեխաներից 2-ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ նա, ով Հայաստանում է առողջական լուրջ խնդիրներ ունի: Տատին պարբերաբար թոռներն են այցելում:

Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել: Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել եկել է Գյումրի: Ավելի ուշ ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին: «Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը:

Տատի համար ամենալավ տարիները 30 ականներն էին՝ երիտասարդության տարիները: Պատմում է՝ դրսում առաջինն իրեն սկեսրայրն է տեսել: «Հարցրել է՝ ու՞մ աղջիկն է, ասել են «կասիր» Սարգիսի աղջիկն է, մյուս օրը եկան ինձ ուզելու: Ես 19 տարեկան էի: Ամուսինս հոր պես մաշինիստ էր (երկաթուղային): Շատ լավ ամուսին եմ ունեցել, խիստ չի եղել ու ինձ շատ սիրել է:

Կյանքում չեմ աշխատել ամբողջ կյանքս երեխաներիս, ապա թոռներիս եմ պահել»,-պատմում է տատը: Խոսելով երկարակեցության մասին՝ նախ ծիծաղում է, ապա ասում շատ ջանք չի գործադրել, ոչ մի արտառոց բաղադրատոմս չունի, միայն շատ է սիրում գոլ ջուր խմել: Նույնիսկ մի պատառ ուտելուց հետո գոլ ջուր է խմում սովորություն է:

Ծանոթները փաստում են օրական 2 թեյնիկ գոլ ջուր է խմում: Մարիամ տատը սիրում է առավոտյան լավ ուտել ճաշը տատի համար առաջին կերակուրն է: «Կյանքիս մեջ դեղ խմած չկամ, միայն մեկ-մեկ, երբ գլուխս շատ է ցավում Ասկոֆեն եմ խմում»,-անկեղծանում է տատը:

Մարիամ տատը նաև վստահեցնում է չնայած անդառնալի կորուստներ է ունեցել՝ որդին ու դուստրը, բայց երբեք մյուսների մոտ չի տրտնջացել։ Այսօր էլ, երբ հարցնում ես ինչ ես ուզում, ասում է՝ ես ոչինչ, ինձ ոչ մի բան պետք չէ, թող միայն ջահելները լավ լինեն:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика