ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՝ Հայաստանում հնարավոր սովի վերաբերյալ հնչող դիտարկումների մասին

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով, հացահատիկի մատակարարումը չի դադարել անգամ համավարակի, պատերազմի ամենադժվար պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը վստահեցրեց, որ պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա:

Փոխնախարարը շեշտեց՝ պարենային ապահովության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը մի քանի մշակաբույսերի ուղղությամբ ինքնաբավ է: «Դրանք են միրգը, բանջարարեղենը, ձուն, ոչխարի և այծի միսը, որոշ առումով նաև տավարի միսը: Ցածր ինքնաբավության մակարդակ ունի թռչնամիսը, ցորենը, որոշակի առումով՝ հատիկաընդեղենը»,-ասաց Խոջոյանն ու հավելեց՝ չկա մի երկիր, որ 100 տոկոսով բոլոր ապրանքների արտադրմամբ լինի ինքնաբավ, և Հայաստանն էլ բացառություն չէ:

Նա նշեց, որ իրավիճակային գնահատումներ են իրականացվել, ուսումնասիրվել և տնտեսական գնահատական է տրվել, որ եթե նույնիսկ մի ներմուծման ճանապարհը փակվի, այլ ինչ տարբերակներ կան, որ ներմուծումն իրականացվի, և դա ինչ գին կունենա:
Հայաստանը պտուղ-բանջարեղենի առումով ինքնաբավ է, ավելի արտադրածն արտահանում է՝ որոշակի առումով բավարարելով ԵԱՏՄ անդամ երկրներում եղած դեֆիցիտը:

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր սովի վերաբերյալ հնչած տեսակետներին՝ Խոջոյանը նկատեց. «Սովի թեման դեռ շահարկվում էր 2020-ի մարտին, ասվում էր, թե իբր հոկտեմբեր-նոյեմբերին է սով սպասվում, որովհետև համավարակը շատ դժվարություններ է ստեղծել շատ երկրների համար, և երկրները պատրաստ չէին արձագանքելու: Եվ մենք իրավիճակային գնահատումներ իրականացրեցինք, դեռ 2020-ի մայիսին մեր և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից արձանագրվեց, որ ամբողջ ԵԱՏՄ երկրների պահանջարկը բավարարելուց բացի, 46 մլն տոննա հացահատիկի ավելցուկ կա, որը պետք է վաճառվեր երրորդ երկրներին»:

Ընդ որում ԵԱՏՄ-ում նախ ապահովվում է անդամ երկրների պահանջարկը, հետո միայն՝ արտահանվում երրորդ երկրներ: Այսպիսով, Խոջոյանը նշեց, օրինակ, հացահատիկի մասով ռիսկ կա, քանի որ Հայաստանը հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ չէ, սակայն հասանելիության առումով ռիսկը բավականին ցածր է, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ցորենը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, նաև Ուկրաինայից:

«Նույնիսկ համավարակի ժամանակ, պատերազմի ժամանակ երբևէ չի դադարել այդ նույն հացահատիկի մատակարարումը Հայաստան: Ներմուծումը երբևէ որևէ կերպով չի խոչընդոտվել, սահուն իրականացվել է»,-վստահեցրեց Խոջոյանը: Ընդ որում, միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է հացահատիկի և որոշ հատիկաընդեղենների մատակարարման առումով ռիսկի գնահատում, արդյունքում ռիսկը գնահատվել է շատ ցածր:

Անդրադառնալով պահեստավորմանը՝ փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք պարբերաբար կապի մեջ են և արտադրողների, և ներկրողների հետ: «Մեր և մի քանի այլ շահագրգիռ կառույցների կողմից վերահսկողության տակ են գտնվում պահեստավորման քանակները: Եվ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ արձանագրված խնդիր` պահեստավորման և քանակների սակավության մասին, չկա»,-վստահեցրեց Խոջոյանը:

Անդրադառնալով Արցախում արդեն կորցրած տարածքներում ցորենի մշակմանն ու Հայաստան մատակարարմանը՝ փոխնախարարն ասաց, որ Արցախում շուրջ 75-80 հազար հա հողատարածքների վրա արտադրվում էր հացահատիկ և հատիկաընդեղեն, որից շուրջ 35 հազար հեկտարը հացահատիկն էր: Արցախից Հայաստանին մատակարարումը կազմում էր Հայաստանի պահանջարկի 25 տոկոսը: Փոխնախարարի խոսքով՝ Արցախում 2019-ի աշնանացան ցորենի բերքահավաքը 2020-ին հիմնականում իրականացվել է: «Եվ մեծ մասն էլ հենց մինչև պատերազմը բերվել էր Հայաստան: Այսինքն` 2020-ի պաշարի հիմնական մասն արդեն ներկրվել էր Հայաստան»,-ասաց նա:

Խոջոյանը հիշեցրեց, որ 2020-ին սկսել են անշանանցան ցորենի արտադրության խթանման ծրագիր՝ բարձրորակ սերմացուի վաճառքի գնի սուբսիդավորման մեթոդով: «ՀՀ-ի համար թիրախավորել էինք մոտ 5000 տոննա սերմացու՝ մոտ 20 հազար հա-ի համար: Եվ նույնիսկ պատերազմական դրության պայմաններում մեր ծրագիրը կարողացանք իրականացնել: 4500 տոննա բարձրորակ սերմացու ներկրվեց Հայաստան և տրամադրվեց արտադրողներին: Դա պետք է բարձրացնի ցորենի բերքատվությունը: Հայաստանում ցորենի բերքատվությունը կազմում է միջինում 1.8 տոննա, մենք այն առնվազն պետք է հասցնենք 3 տոննայի»,-ասաց Խոջոյանը:

Այսպիսով, ակնկալվում է, որ այս ծրագրի արդյունքում ցորենի բերքատվությունը Հայաստանում 2021-ին էականորեն կբարձրանա: Պետությունն այլ ծրագրեր ևս նախատեսում է: «Խոսելով մարզեպետարանների, համայնքների ներկայացուցիչների հետ՝ նախաձեռնեցինք մի ծրագիր, որով խթանելու ենք գարնանացան հատիկաընդեղենի, կերային մշակաբույսների արտադրությունը: Եվ կարծում եմ, որ մինչև փետրվարի սկիզբը մեր առաջարկը կներկայացնենք կառավարության քննարկմանը»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Հայաստանում անմշակ հողատարածքների առկայությանը՝ Խոջոյանը շեշտեց՝ պետք է գիտակցել, որ անթույլատրելի է անմշակ հողատարածք ունենալը, սակայն քանակական բացը ժամանակավոր լրացվելու է ներմուծման միջոցով: Իսկ Արցախում, Խոջոյանի խոսքով, այս պահին արդեն պատերազմի ավարտից հետո սկսվել է ինտենսիվ կերպով անվճար սերմացուի և դիզվառելիքի տրամադրում ֆերմերներին, որպեսզի ցանքսը կատարեն:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика