Հարություն Մովսիսյանը հիվանդանոցում է դերասանը մահից է փրկվել

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերը կխաղա Սամվել Օհանյանը: Դերասանը մեկ ամսից ավելի է՝ հիվանդանոցում է, անցել է ծանր շրջան, հիմա համեմատաբար լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա ասաց, որ դերասանի մոտ վիրուսը ծանր ձևով էր արտահայտված, կարելի է ասել, մահից է փրկվել:

Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գանգատվել է թուլությունից, կոկորդի ցավից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է: «Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Տագնապի մեջ միանգամից եկա Հայաստան ու պարզվեց, որ հայրիկի թոքերն ախտահարված են, երկկողմանի թոքաբորբ ունի և միացված է արհեստական շնչառության սարքին: Միայն այն մտքից, որ հայրիկը վերակենդանացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վախեցել: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է սպասել, համբերություն է պետք, կոնկրետ ոչինչ չէին ասում» ,-պատմեց նա:

Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հայրիկին. «Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է Հայաստանում եմ, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները համոզել են և հիվանդանոց տեղափոխել: Առաջին 15 օրն իսկական դժոխք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 18 օր պայքարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նահանջել: Մինչև հիմա թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական երկար փուլ է սպասվում»:

Դստեր խոսքով՝ պրն Մովսիսյանը հիվանդանոցում ձանձրանում է, բայց կարևորն այն է, որ առողջական վիճակն արդեն լավ է: «Բժիշկներն ամեն ինչ արեցին հայրիկի համար, շնորհակալ եմ նրանց: Հայրիկը նեղսրտում է, որ չի աշխատում, մեկուսացված է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը մոտ մեկ ամիս սպասեց հայրիկիս, բայց քանի որ նրա մասնակցությամբ տեսարաններն ավարտվել էին, իսկ դեռ հայրիկը հիվանդանոցում էր, որոշեցին դերասանի փոփոխություն անել,- ասաց նա և հավելեց, որ, ինչպես կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, հայրն էլ է վախենում, որ չի կարող շնչել ինքնուրույն՝ առանց բժշկական թթվածնի,- Իրեն թվում է՝ սարքն անջատելուց հետո կխեղդվի, անընդհատ հետևում է, թե թթվածնի քանակը մարմնում որքան է»:

Հարություն Մովսիսյանի դուստրը նշեց, որ շատ բարդ շրջան են հաղթահարել: «Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, որովհետև թոքերը շատ ախտահարված էին, եթե բժիշկներն այդ երեկո չհամոզեին հիվանդանոց գնալ, նրան գուցե ինչ-որ բան պատահեր: Հայրիկը նախկինում սրտի երկու վիրահատության է ենթարկվել, թթվածնի պակասից սկսել էին առաջանալ նաև սրտի հետ կապված խնդիրներ, թթվածնային քաղց էր առաջացել, առիթմիան անկառավարելի էր»,- ընդգծեց նա:

Լյուսին նաև ասաց, որ նախորդ տարին բարդ էր իրենց ընտանիքի համար՝ պայմանավորված մոր կորստով: «Այս վիրուսը 2020 թվականի վերջին «նվերն» էր մեր ընտանիքին, քանի որ նախորդ տարվա ապրիլի 9–ին կորցրի մայրիկիս: Մայրս՝ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը, երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ: Այդ ամենից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակենդանացման բաժանմունքում: Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որպեսզի մենակ չմնամ»,- եզրափակեց նա:

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика