Ինչպես խուսափել բերանի խոռոչի տհաճ հոտից

Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա՝ թույլ չտալով ազատ շփվել մարդկանց հետ և դառնալով բարդույթների առաջացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացմանը նպաստող հիմնական պատճառները, որոնցից խուսափելը կօգնի խուսափել նաև տհաճ հոտից:

Բժիշկներն ընդգծում են, որ բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառը: Մեծ մասամբ այս խնդիրը պայմանավորված է լինում լեզվի վրա ու կոկորդում առկա բակտերիաների ակտիվությամբ ու դրանց արտազատած թռչող նյութերով, որոնք էլ դառնում են տհաճ հոտի պատճառ:

Որպես կանոն այդ բակտերիաներն ակտիվանում են որոշակի մթերքի գործածության հետևանքով, որոնց թվում են, օրինակ, սոխն ու սխտորը, սակայն լինում են դեպքեր, երբ բակտերիաների ակտիվացմանն են նպաստում լնդերի ու ատամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունն ու բերանի խոռոչի չորությունը:

Բացի այդ, բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել նաև այնպիսի վտանգավոր հիվանդություններով, ինչպիսին են սինուսիտն ու երիկամային անբավարարությունը: Սա է պատճառը, որ նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու պարզել դրա առաջացման պատճառը:

Մասնագետների խոսքով՝ շատ հաճախ մարդն անգամ գլխի չի ընկնում տհաճ հատի առկայության մասին, սակայն խնդրի մասին կարող են հուշել լեզվի ու ատամների վրա առկա սպիտակ փառը, լորձաթաղանթների այրոցը, բերանում տհաճ համի առկայությունն ու թքի թանձրությունը:

Այս տհաճ խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել բերանի խոռոչի հիգիենային և պարբերաբար մաքրել ատամները խոզանակով ու հատուկ թելով: Բացի այդ, շատ արդյունավետ կարող են լինել նաև հատուկ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված լուծույթները, որոնք կօգնեն ոչնչացնել բակտերիաների մեծ մասը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика