Ինչու ենք մենք կարմրում

Բժշկության մեջ այս երևույթն ունի իր անվանումը` էրիտրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: Էրիտրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար մարդկանց հետ կամ հրապարակային ելույթներ ունենալ: Նման մարդիկ չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիաները, որովհետև, ինչպես ասում են` «ամեն ինչ նրանց դեմքին գրված է»:

Երբեմն էրիտրոֆոբիայի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ամաչկոտությունն ու երկչոտությունը, որն ինչ-ինչ պատճառներով ձևավորվել է դեռ փոքրուց: Որպես կանոն, ծնողներն ու հասակակիցները հատուկ ուշադրություն չեն դարձնում երեխայի հաճախակի կարմրելուն: Ոմանց մոտ այն տարիքի հետ անցնում է, իսկ մի մասի մոտ էլ ավելի խորանում է ու խնդիրների պատճառ հանդիսանում:

Էրիտրոֆոբիայի այս տիպը շատ նման է սոցիալական ֆոբիայի կոնֆլիկտային տիպին: Այս խմբի պացիենտները հասարակության հետ շփման մեծ խնդիրներ են ունենում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է ինքնամեկուսացման, որի հետևանքով էլ առաջանում են շատ բարդույթներ: Ինչպես և հիպերհիդրոզը (չափից ավելի քրտնարտադրությունը)՝ էրիտրոֆոբիան ևս ժամանակի ընթացքում կարող է պատճառ դառնալ նևրոզների ու դեպրեսիաների:

Էրիտրոֆոբիայի առաջացման պատճառները մինչ այժմ էլ մնացել են չուսումնասիրված, չնայած այդ ախտաբանական երևույթի մեխանիզմը բավականին խորը հետազոտվել է: Մարդու ուղեղը «կառավարում է մեր օրգանիզմի» բոլոր բջիջներին՝ վեգետատիվ ու սոմատիկ նյարդային համակարգի միջոցով: Արտաքին աշխարհից ստացած ինֆորմացիան ուղեղը մշակում ու գնահատում է, այնուհետև վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով փոխանցում ներքին օրգաններին:

Ինչպես ենթադրում են բժիշկները, էրիտրոֆոբիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ մարդու վեգետատիվ նյարդային համակարգն արտաքին միջավայրում տեղի ունեցող գործողություններին ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում, ինչի պատճառով էլ անգամ փոքրիկ հուզմունքից դեմքը կարմրում է:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика