Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին և ի՞նչ նշանակություն ունեն այդ կերակուրները

Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը և «Հայ խոհարարների միություն» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին, թե Զատկի տոնին ինչ կերակուրներ են անհրաժեշտ դնել սեղանին և ինչ նշանակություն ունի Մեծ պահքի շրջանը քրիստոնյաների համար:

«Մեծ պահքի խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ունի մեծարժեք նշանակություն: Երբ մարմինը զորանում է, տկարանում է հոգին, երբ հոգին է զորանում՝ մարմինն է տկարանում: Այդ շրջանում շատ կարևոր է, որ մենք ավելի հաճախ աղոթենք, հատկապես զղջողական աղոթքներ անենք»,- ասաց Տեր Զգոնը՝ շարունակելով, որ սա մի ընթացք է, որը մտերմացնում է մարդուն Աստծու հետ և պահքի ընթացքում մարդիկ հաճախ բուժվել են հիվանդություններից:

Հոգևորականն ասաց, թե շատ կարևոր է Մեծ պահքին պահպանել և՛ հոգևոր, և՛ սննդային կողմը: «Ամենակարևորը Սուրբ Հարության տոնն է: Այժմ մենք հիշատակում ենք Քրիստոսի հարությունը և մեծ ցնծություն ապրում»,- ասաց նա: Խոհարար Սեդրակ Մամուլյանն ասաց, թե հայերն ունեն ծիսական ուտեստների մեծ շարան, և պահքի ժամանակաշրջանում կենդանական սնունդ չեն օգտագործում, և Հայաստանի բնությունը թույլ է տալիս, կենդանական ծագման ուտեստներից անցնել բուսական ծագման ուտեստների:

«Զատկի տոնին սեղաններին դրվում է ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի»,- ասաց Սեդրակ Մամուլյանն՝ ընդգծելով, որ փլավը հայկական ուտեստ չէ՝ արաբական է, ապա ավելացրեց, թե դրա փոխարեն հայկական մառանում կան քաշովիներ՝ բրինձ, բլղուր և ծլովի այլ բույսեր, որոնք մտնում են մեր կերակուրների ցանկ:

Հակադարձելով Սեդրակ Մամուլյանին՝ Տեր Զգոնն ասաց, որ չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: «Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին»,- ասաց Տեր Զգոնը:

Նշենք նաև, որ հոգևորականը հաղորդեց, որ Զատկի ձուն պետք է միայն կարմիր ներկով ներկել, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը: Մնացած գույներն ընդունելի չեն: «Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջ»,- ասաց Տեր Զգոնը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика