Էլեկտրաէներգիայի թանկացումը չի վերաբերվում բոլոր սպառող բնակիչ-բաժանորդներին ու տնտեսվարողներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջшնա։

ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Արդյունքում, առաջարկվում է՝ սոցիալապես անապահով ընտшնիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել նույնը, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյшլ ԱԱՀ-ն)։ Հանձնաժողովի հաշվարկներով բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի համար սակագինն անփոփոխ է մնում։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրեց սակագնի վերանայման պատճառները։

— Պարո՛ն Բաղրամյան, ինչո՞վ է պայմանшվորված սպառողների մի մասի համար էլեկտրաէներգիայի գինը 3 դրամով թանկացնելու՝ ՀԾԿՀ առաջարկը։

— Ընդհանուր համակարգային ամենամյա վերանայման արդյունքում հանգել ենք նրան, որ համակարգում առկա գործող սակագները բավարար չեն ճեղքվածքը փակելու համար։ Ամեն տարի մինչեւ փետրվարի 1-ը վերանայման գործընթաց է սկսվում, եւ այդ վերանшյման արդյունքում հասույթների, գործող սակագների համադրում է արվում, եկող տարվա նոր գործոններն են հաշվի առնվում՝ փոխարժեք, գազի գին, արտադրության նոր կառուցվածքը։ Այդ ամենը համադրվում է եւ հասկանում ենք՝ հնարավո՞ր է գործող գներով եկող տարին անցնել, թե անհրաժեշտ է նվազեցնել կամ բարձրացնել, եւ արդյունքը եղել է սա։

— Ի՞նչն է այդ կանխատեսվող ճեղքվածքի պատճառը։

— Ամենամեծ գործոնները եղել են՝ կառուցվածքը, մոտ 560 մլն կՎտԺ ատոմակայանն ավելի քիչ է արտադրելու 2021 թ., քան այսօրվա գործող սակագներով։ Ատոմակայանը 141 օր կանգնելու է եւ 2.5 միլիարդի փոխարեն 1 մլրդ 940 միլիոնի չափով է արտադրելու։ Բնականաբար այդ 560 մլն կՎտԺ փոխարինվում է ՋԷԿ-երի արտադրանքով, որը գների տարբերությամբ առաջացնում է ճեղքվածք։ Արցախից կանխատեսվում էր, որ պետք է 330 մլն կՎտԺ ներկրվի, հասկանալի պատճառով այլեւս դա չի լինելու։

— Մի քանի ամիս առաջ հայտարարել էիք, որ հոսանքի թանկացում նախատեսված չէ. պատերա՞զմն է սրան հանգեցրել։

— Դա կառուցվածքի վրա լրացուցիչ ազդեցություն է ունեցել՝ այո՛։ Այն կառուցվածքը, որն այսօր ունենք՝ փոխվել է դեպի բացասական կողմ, այսինքն ավելի թանկ էլեկտրաէներգիայի մասնաբաժին է ավելացել կառուցվածքում, որը բնականաբար բերում է ՀԷՑ-ին վաճառվող գնի թանկացման, դա էլ իր հետեւից բերում է համակարգում խնդիրների։ Այստեղ խնդիրը մոտավորապես 16.5 մլրդ դրամ է։

— Ձեր հաշվարկներով, որքա՞ն բաժանորդ է 400 կՎտԺ-ից ավելի սպառում։

— Եթե 700 հազար բնակիչ-բաժանորդների թվով նայենք՝ ձմեռվա 3 ամիսներին խոսքը շուրջ 100 հազար բնակիչ-բաժանորդների մասին է, որոնց համար կթանկանա։ Իսկ մնացած 9 ամիսներին 20-30 հազար բնակիչ-բաժանորդների մոտ է թանկանալու։ Այդ 700 հազարի մեջ չենք ներառել 120 հազար սոցիալապես անապահով սպառողներին։ Այսինքն ընդհանուր 800 հազարից ավելի բնակիչ-բաժանորդներ կան, որոնց մոտ 10 տոկոսին է վերաբերում այս թանկացումը։ Նաեւ բոլոր իրավաբանական անձանց համար 3 դրամով բարձրանում է գինը։ Չբարձրանալը վերաբերում է միայն սոցիալապես անապահով սպառողներին, որոնք առանձին կատեգորիա են արտոնյալ գներով եւ այն բնակիչ-բաժանորդներին, որոնք ամսական մինչեւ 400 կՎտԺ են սպառում։

— Դրամային հաշվարկով ամսական մոտ քանի՞ հազար դրամ սպառող քաղաքացիների համար հոսանքի գինը կթանկանա։

— Մոտավորապես պետք է ամիսը 18 հազար դրամ սպառեք, որ ձեզ մոտ թանկացում լինի։

— Նշում եք, որ քաղաքացիների 90 տոկոսի վրա չի անդրադառնալու հոսանքի գնի թանկացումը, սակայն տնտեսվարողների մոտ այդ բարձրացումը կարող է բերել խանութում վաճառվող ապրանքների գների բարձրացման։

— Մենք ասում ենք էլեկտրաէներգիայի սակագինը այս բնակիչ-բաժանորդների համար չի թանկանում։ Մենք չենք կարող գնահատել, թե տնտեսության վրա դա ինչպես կազդի։ Բնականաբար ինչ-որ տնտեսական ճյուղերում, ինչ-որ ապրանքներում, եթե էլեկտրաէներգիան մեծ արժեք ունի ինքնարժեքի մեջ՝ ազդելու է։

— 2021 թ. էլեկտրաէներգիայի թանկացումը միայն վերոնշյալ կատեգորիաների համար նախատեսված 3 դրա՞մն է լինելու։

— Չեմ կարծում, թե խնդիր առաջանա, արդեն վերջնական հաշվարկներն ամփոփված են, կայքում տեղադրված են։ Նախատեսված է հանրային քննարկում, եթե քննարկման ընթացքում ինչ-որ բան էլ փոխվի՝ էական չեն լինի դրանք։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը կարող է երկակի ազդեցություն ունենալ։ Նրա խոսքով՝ Հայաստանում միշտ էլ էլեկտրաէներգիայի գնով պայմանավորված որոշ ապրանքների գնագոյացում է եղել։

«Հիմա` այս անկայուն վիճակում, էլեկտրաէներգիայի գների բարձրացումը չեմ կարծում, թե հանրության կողմից լավ կընդունվի։ Հիշում եք նաեւ «Էլեկտրիկ-Երեւան» շարժումը։ Չեմ կարծում, թե այդպիսի շարժում լինի նորից, բայց ընդհանուր լարվածության մեջ եւս մեկ բացասական գործոն կավելանա։ Համենայնդեպս կարծում եմ, որ հիմա սրա լավագույն ժամանակահատվածը չէ»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով թանկացման պատճառներին՝ Քթոյանը նշեց, որ կարճաժամկետ հատվածում դրանք օբյեկտիվ են։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը բավականին բարձր է եւ նոր քայլեր չեն արվել, որ նման կարճաժամկետ խնդիրների դեպքում այլ լուծում լինի, ոչ թե սակագինը բարձրանա։

«Համակարգի արդյունավետ կառավարումը ենթադրում է, որ դու պետք է ունենաս կայունության պաշար մարժայի տեսքով եւ այդ պաշարը նաեւ ընդհանուր համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին է կատարվում, բայց դրանք ավելի երկարաժամկետ միտված քայլեր են»,- տնտեսագետը։

Հարցին բնակիչ-բաժանորդների 10 տոկոսի եւ իրավաբանական անձ բաժանորդների համար 3 դրամով թանկացումն էակա՞ն բեռ է սոցիալական առումով, Քթոյանը պատասխանեց. «Սոցիալական խնդիր ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ էլեկտրաէներգիայի թանկացումը միայն ինքն իրենով չի գալիս։ Բացի այդ այստեղ կա նաեւ այն հոգեբանական ասպեկտը, որ գնաճային սպասումներին միտված խթան կհանդիսանա սա։ Այս ամենը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ»։

Քթոյանը կարծում է, որ սա սոցիալական լրջագույն խնդիրներ չի բերի, սակայն կարող է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական որոշակի պատկեր ձեւավորել. «Միգուցե սպառողական գների ինդեքսի վրա շատ աննշան ազդեցություն թողնի, բայց իր սիմվոլիկան հոգեբանական առումով կարող է շատ ավելի ազդեցիկ լինել»։

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика