ԱՐԹԻԿԻ ՓՈԽՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՉԽԱՆԳԱՐԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Վերջերս Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսից 62 հոգի գերեվարվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Հրապարակի» տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը յուրաքանչյուրի վերադարձի համար 30-40 հազար դոլար գումար է ուզում։ Արթիկի փոխհամայնքապետը Պնախարարին, իմքայլական պատգամավորներին կոչ է անում՝ չխանգարել գերիների վերադարձի գործընթացին
Վերջերս Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսից 62 հոգի գերեվարվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Հրապարակի» տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը յուրաքանչյուրի վերադարձի համար 30-40 հազար դոլար գումար է ուզում։

«Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով զբաղվում է Շիրակի մարզի ռազմագերիների վերադարձի խնդրով, ասաց, որ գումարի դիմաց փոխանակման հարց չկա և եթե նույնիսկ լինի, ապա ինքն անձամբ այդ գումարային հարցը կլուծի՝ առանց ինչ-որ հայտարարություն անելու։

«Այսօրվա դրությամբ գնում է շատ բարդ գործընթաց։ Այս գործընթացը մենք հիմա իրավունք չունենք քննարկելու, մենք կարող ենք վնասել դրանով։ Ոչ մի այդպիսի քննարկում չի կարելի թույլ տալ։ Հիմա գործընթացը պետք է լուռ գնա։ Շատ լուրջ գործընթաց է և շատ դժվար, որովհետև ադրբեջանական կողմն իրեն պահում է որպես հաղթող։ Պրիմիտիվ գումարային գործընթաց չէ»,- ընդգծեց Արթիկի փոխհամայնքապետը։

Ավագյանը նաև անդրադարձավ իմքայլական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի, Սոֆյա Հովսեփյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի վերջերս արած հայտարարություններին՝ կապված գերիների վերադարձի հետ։ Նա ասաց, որ ինքը երեկ Շիրակի մարզպետի հետ զրույց է ունեցել և ասել, որ եթե իմքայլական պատգամավորները շարունակեն այնպիսի հայտարարություններ անել, ինչպիսին վերջերս են արել, գերիների վերադարձի գործընթացը կարող է ձախողման գնալ, նրանք չվերադառնան։

Ավագյանի խոսքերով՝ ինքը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն են խնդրել, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը թույլ տա Նազելի Բաղդասարյանին և Սոֆյա Հովսեփյանին՝ ներկա լինել ռուս խաղաղապահների շտաբում կայացած հանդիպմանը, որին ներկա են եղել նաև գերեվարվածների հարազատները։ «Երբ որ շտաբում հանդիպում է եղել, Մուրադովը չի հայտարարել, որ ինքը գնում է Բաքու։ Ինչի՞ց են այդ երկու պատգամավորները վերցրել, որ գնում է Բաքու։

Իրենք, գործընթացին ծանոթ չլինելով, հայտարարություններ են անում, ինչի՞ համար, որ գործընթացը ձախողմա՞ն գնա։ Նրանց բոլոր հայտարարությունները բացասական են ազդում գործընթացի վրա։ Վաղը ես Արթիկի ավագանու նիստ եմ անելու, կանչելու եմ ծնողներին ու ասեմ, որ այս երկու պատգամավորների հայտարարությունների պատճառով կարող է լուրջ խնդիր առաջանալ իրենց երեխաների հարցով»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Արթիկի փոխհամայնքապետը հավելեց․ «Փառք Աստծո, ծնողներն էլ են ներկա եղել, լսե՞լ է ծնողներից որևէ մեկը, որ Մուրադովն ասի՝ ես գնալու եմ Բաքու այդ հարցով»։ «Մարդկանց դժբախտության վրա ռեյտինգ են բարձրացնում, իբր գործ են անում, հա՞։ Չի կարելի այդպես աշխատել, պատգամավորն իրավունք չունի այդպես պահել։ Դուրս են գալիս հանդիպումից, որին ներկա են եղել միայն նրա շնորհիվ, որ ես ու Արայիկ Հարությունյանը միջամտել ենք։ Դուրս են գալիս ու սկսում են ինտերվյուներ տալ»,- զայրացած շարունակեց Բորիս Ավագյանը։

Նրա խոսքերով՝ Մուրադովն ուղղակի ասել է, որ գերեվարվածները Բաքվում են, առողջ են, ողջ են։ «Ցուցակի վերաբերյալ աշխատանքներ են տարվում, իսկ գերիների ցուցակը տրամադրվել է հայկական կողմից։ Հրամանատար Մուրադովի պատասխանատվության մեջ չի մտնում գերիներով զբաղվելու հարցը։

Շատ-շատ մեծ խնդրանքներ ենք ես և Արայիկ Հարությունյանն արել, որ էդ մարդը համաձայնի այդ հարցով զբաղվել։ Կամ՝ պաշտպանության նախարարը դուրս է գալիս ու հայտարարություն է անում՝ «ես ցուցակը փոխանցել եմ Կարմիր խաչին»։ Կարմիր խաչը նույնիսկ դիակ փնտրելիս է վախենում մենակ մտնի, խնդրում է, որ ռուս խաղաղապահները հետը գնան։ Կարմիր խաչն ի՞նչ գերի կարող է վերադարձնել։

Կարմիր խաչը որ այդ ցուցակով աշխատի, յա մի գերի կարող ենք տենալ, յա չտենալ։ Պաշտպանության նախարարն ասում է՝ «ես ցուցակները փոխանցել եմ», ապրե՛ս։ Դրա՞նք են իր գործողութունները, դրա՞նք են իր գործառույթները դրա վերաբերյալ։ Երկու պատգամավոր մեր խնդրանքով, միջնորդությամբ մասնակցել են, դուրս են գալիս, ասում են՝ «մենք անցկացրինք հանդիպում, մենք անցկացրինք հանդիպում»։

Չեն ասում՝ էդ հանդիպումն ով ա կազմակերպել, ինչ են արել էդ մարդիկ։ Ես մարզպետի հետ զրույց եմ ունեցել, ու նա խոստացել է կապ հաստատել նրանց քաղաքական ղեկավարության հետ, այդ հարցը քննարկվելու է։ Այդ պատգամավորների հայտարարությունները կարող են խանգարել բանակցություններին, 62 ընտանիքի ապագայի հարցն է»,- շարունակեց Արթիկի համայնքապետի տեղակալը։

Նա նշեց, որ օրուգիշեր այդ հարցերով զբաղվում է, բայց մի թույլ ձայն անգամ չի հանում։ «Կանգնում, հայտարարություններ են անում, եկել այնտեղ ստից ֆռֆռացել, հետ են գնացել, հիմա PR-ով են զբաղվում։ Մարդկանց դժբախտության վրա ռեյտինգ չեն բարձրացնում։ Ինձ համար զարմանալի է, որ իրենց խմբակցությունը նիստ չի արել ու պատասխանատվության չի կանչել իրենց երկու պատգամավորներին։ Ո՞ւմ հետ են համաձայնեցրել, որ այդպիսի հայտարարություններ են արել, թե՞ ով ինչ ուզում, խոսում է, հա՞»,- եզրափակեց Բորիս Ավագյանը։

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика