Անկարան ու Բաքուն նոր խնդիր են դրել. հայ-ռուսական հանդիպում Արցախում

Հայաստանի զինվորական դատախազը հունվարի 14-ին Արցախում հանդիպել է ռուս խաղաղապահների առաքելության շրջանակում Արցախում ծառայություն իրականացնող ՌԴ զինվորական դատախազության աշխատակիցներին: Հանդիպման քննարկված հարցերի շրջանակը պատկերացնելը բարդ չէ, թեև այստեղ հարկ է արձանագրել ավելի կարևոր հանգամանք:

Հանդիպումների այդօրինակ ձևաչափը ինքնին արդեն իսկ ունի շատ կարևոր նշանակություն, հատկապես ադրբեջանական այն ակնհայտ ձգտման ֆոնին, որով Բաքուն փորձում է այսպես ասած արգելափակել արցախյան գոտում Հայաստանի իրավական ներգրավվածությունը: Բաքուն հասկանալիորեն անկարող է ներկայումս դնել ռուս խաղաղապահների դուրսբերման հարց, թեև այդ հարցը նրբորեն հնչեցնում է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հաղթանակի էյֆորիայից հետո կանգնում են նոր իրավիճակի արդեն առարկայական խնդիրների առաջ, դնելով իրենց հերթին նոր խնդիրներ՝ ռուս խաղաղապահների առաքելության չեղարկում: Սա, իհարկե, հեշտ իրականանալիք գործ չէ, բայց որպես սկիզբ, ըստ ամենայնի, դրվում է Հայաստանի ներգրավվածությունը չեղարկելու նպատակը: Այդ հանգամանքի առաջին, այսպես ասած, ահազանգը Հայաստանի արտգործնախարարի Արցախ այցին Ալիևի մակարդակով անդրադառնալն ու սպառնալն էր:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ներգրավվածությունը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն, որովհետև մեն-մենակ մնալով Անկարա-Բաքու տանդեմի դեմ այդ հարցում, Մոսկվան չի ունենալու դիմադրունակության կենսունակ հնարավորություն: Եթե Արցախից, այսպես ասած, դուրս են բերվում հայկական պետականության իրավունքները, իրավա-քաղաքական կարգավիճակը, ապա Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերման խնդիրը Անկարա-Բաքու տանդեմի համար կդառնա ժամանակի հարց:

Ըստ այդմ, Հայաստանի պետական գերատեսչությունների և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տարբեր սեգմենտների միջև պարբերական պաշտոնական շփումները ունեն ոչ միայն գերատեսչական-աշխատանքային, այլ նաև քաղաքական, ռազմա-քաղաքական էական նշանակություն Դրանք պետք է խորացնել, սակայն, միևնույն ժամանակ, անշուշտ աշխատելով ոչ միայն ինքնանպատակ ձևաչափային, այլ նաև հարուստ բովանդակությամբ շփումների ուղղությամբ: Որովհետև, վերջին հաշվով, Հայաստանը ունի այդ առումով իր սուբյեկտությունը ոչ միայն պահելու, այլև խորացնելու, ընդլայնելու, ամրացնելու խնդիր, որը պահանջում է մշտական լուծում:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика