Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով գրում է ria.ru-ն։Պեսկովի խոսքով՝ «խորհրդակցության մասնակիցներն ի թիվս այլ հարցերի նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին»:

Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

tert.am

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика