Մեզ այս պшտերազմում նшև մեր պոռոտախոսությունը խանգшրեց

Հարցազրույց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ

— ԿԳՄՍ նախարարի փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա ոլորտի վրա, եւ դրանից ի՞նչ կփոխվի կրթության համակարգում:

— Արդեն 2 տարի ես քննադատում եմ այս նախարարությանը, եւ իրականում, այս ընթացքում որեւէ կարեւոր, դրական բան տեղի չունեցավ կրթության ոլորտում, նույնիսկ կասեի` իրավիճակն ինչ-որ առումով ավելի վատացավ, որովհետեւ այս պահին ունենք բազմաթիվ բուհեր, որոնք չունեն ռեկտոր, այսինքն՝ 2.5 տարի բուհն առանց ռեկտորի է: Շիրակի պետական համալսարանը 2018-ի մայիսից մինչեւ հիմա չունի ռեկտոր, նույնը՝ ԵՊՀ-ի դեպքում, տեսեք, թե ինչ վիճակ է ֆիզկուլտինստիտուտում կամ Տնտեսագիտական համալսարանում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որը կրթության ոլորտի կարեւորագույն կառույցներից է, 2018-ի մայիսին անշնորհք ձեւով ազատեցին կենտրոնի տնօրենին, մինչեւ հիմա տնօրեն չունի: Կրթության ազգային ինստիտուտը լուծարեցին եւ 2018-ի ամռանը հայտարարեցին, որ փակում են: Հիմա ո՞նց կարող ես ունենալ նորմալ կրթական համակարգ, երբ համակարգի կարեւորագույն ինստիտուտները չունեն ղեկավարներ:

Բացի այդ, այս ընթացքում որեւէ փաստաթուղթ չընդունվեց, այդպես էլ չտեսանք, թե որն է այս կառավարության ռազմավարությունը, ուր է կրթության զարգացման պետական ծրագիրը, կառավարությունը խոստացել էր, որ այդ ծրագիրը 2019-ին պետք է լինի, մինչեւ հիմա չկա: Այս նախարարության ղեկավարությունը հրաժեշտ տվեց՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու, միակ փաստաթուղթը, որ ընդունվեց, նախադպրոցական կրթության մասին օրենքն էր, բայց դա էլ մի բան չէ: Եթե ֆինանսական առումով նայենք, գուցե որոշ բաներ արվել են, գիտությանը մի քիչ ավել փող տրվեց, ուսուցիչների աշխատավարձն աննշան բարձրացավ, բայց դրանք կարեւոր հարցեր չեն, մենք այդպես էլ չհասկացանք, թե որն է այս նախարարության ռազմավարությունը, այսինքն՝ կրթության մեջ ինչ են ուզում անել:

— Արայիկ Հարությունյանն իր հրաժեշտի խոսքում նշել էր լուրջ բարեփոխումների մասին, որոնք մեկնարկել են շատ ոլորտներում․ կա՞ն այդպիսիք, որոնք նոր նախարարը կարող է ավարտին հասցնել, թե՞ նա իր մեկնարկային կետից է սկսելու ոլորտի բարեփոխումները:

— Խնդիրն այն է, որ այնքան նեգատիվ վերաբերմունք գեներացվեց կրթության եւ մշակույթի հանդեպ, որ եթե հիմա այս նախարարն ուզենա ինչ-որ բան շարունակել, հարվածների տակ է ընկնելու: Ինքը կա՛մ պետք է զրոյից սկսի, կա՛մ էլ եթե փորձի շարունակել, հարվածների տակ է ընկնելու: Ամենամեծ պրոբլեմներից մեկը սա է, որ այս տարիների ընթացքում նախարարության հանդեպ բացասական վերաբերմունք առաջացավ, եւ այս իրավիճակում ես ուղղակի չեմ պատկերացնում՝ երբ կառավարությունը մազից է կախված, չունի վստահություն, ինչպե՞ս է կրթական օրակարգ առաջ տանելու:

Ընդհանրապես, առաջիկա ամիսներին կրթության հարցերն այդքան էլ չեն կարեւորվելու, որովհետեւ մենք հիմա ունենք գերիներ, անհետ կորածներ, վիրավորներ, տնտեսական, ֆինանսական խնդիրներ, կորոնավիրուս, առջեւում` ձմեռ։ Այս խնդիրների համատեքստում կրթությունը մղվելու է երկրորդ պլան, հատկապես այն օրակարգը, որ նախարարությունն ուզում էր առաջ տանել: Շատ դժվար է լինելու: Հետո, որոշ բաներ էլ որ նախարարությունը ներկայացնում է, նախկիններից եկած ծրագրերն են․ մոդելային գյուղական դպրոցները կամ դպրոցաշինական ծրագրերը նախկին կառավարության օրոք հաստատված ծրագրեր են: Հիմա կարողանալո՞ւ են դրանց ֆինանսավորումը պահել, թե՞ ոչ:

— Դարձյալ քննարկման թեմա է դարձել 4 նախարարությունները մեկ կառույցի մեջ միավորելու հարցը, որոնք, շատերի կարծիքով, առանձին ավելի արդյունավետ կգործեին, հատկապես այս օրերին, երբ բախվեցինք Արցախի մշակութային ժառանգության պահպանման բարձիթողի վիճակին: Հանգուցալուծում կլինի՞, եթե 4 նախարարությունները կրկին առանձնանան:

— Այս որոշումը խայտառակ որոշում էր, որի նախապատմությունը սա էր. ինչ-որ մարդիկ` երեւի թե նախարարությունից, վարչապետին կարծիք էին ներկայացրել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կրթության եւ մշակույթի նախարարությունները միասին են գործում: Հետո վարչապետն այդ թեմայով լայվ արեց, որ՝ տեսեք, Ֆինլանդիայում, Հոլանդիայում այդ նախարարությունները միասին են, բայց այդ երկրներում իրենք ունեն 2 նախարար, մեկը զբաղվում է կրթության հարցերով, մյուսը` մշակույթի։ Այսինքն՝ նրանք օպտիմալացրել են ընդամենը վարչական ռեսուրսը, իսկ բովանդակային առումով 2 առանձին նախարարներ են: Այս տեսակ անլուրջ բաներ էին արվում եւ վարչապետին սխալ ինֆորմացիա փոխանցում:

Կարող ենք ասել, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ պետք է միասին լինեն այդ նախարարությունները, բայց այստեղ առանձնահատկություն կա․ եթե Հայաստանը լիներ արդեն ձեւավորված պետություն, ես համաձայն կլինեի, որ միասին լինեին, ի՞նչ իմաստ ունի այդքան չինովնիկ պահելը, բայց քանի որ Հայաստանում համակարգերը կայացած չեն` ո՛չ կրթության, ո՛չ մշակույթի, պետք չէր միավորել: Հիմա բոլորը քննադատում են դիվանագիտության եւ պաշտպանության ոլորտը, բայց կրթության եւ մշակույթի ոլորտը ոչ մի բանով ավելի լավ վիճակում չէ: Եթե կրթության ոլորտում պատերազմ չի լինում, դա դեռ չի նշանակում, որ կարող ենք գլուխ գովել, թե ոլորտը լավ վիճակում է, այստեղ էլ համակարգերը չեն աշխատում, այստեղ էլ են կեղծիքն ու պատրանքը շատ: Եթե հեղափոխություն ես արել ու այդպիսի ժառանգությամբ երկիր ես կառավարում, իրավունք չունես չկայացած համակարգերը միավորելով ավելի բարդացնել այդ համակարգերի ստեղծումը, թող այդ ոլորտները զարգանային` հետո նոր միավորեիր: Մենք Հոլանդիա չենք, որտեղ համակարգն աշխատում է, զարգացած երկրներն այդ առավելությունն ունեն, եւ նախարարություններն այդքան ծանրաբեռնված չեն, բոլոր հիմնարար հարցերը նրանք լուծել են եւ հաճախ շատ մանր հարցերով են զբաղվում: Մեր պարագայում մենք ոչ մի հիմնարար հարց չենք լուծել, նույնիսկ չենք հասկացել, թե կրթությունը, համալսարանական համակարգն ինչպիսին պետք է լինեն, ոչ մի բան մինչեւ վերջ այս ոլորտներում չենք արել, ամբողջը` կիսատ-պռատ:

— Պատերազմի ընթացքում բազմիցս խոսվեց գիտության, կրթության կարեւորության մասին, որ 21-րդ դարում եւ 5-րդ սերնդի պատերազմներում գիտական միտքն է կարեւոր, տարբեր նախաձեռնություններ, հանգանակություններ եղան` ստեղծելու նորագույն գիտական լաբորատորիաներ, որը թույլ կտա փոխել պատերազմի ելքը: Այս պարտությունից պետությունը դասեր կքաղի՞, հույս ունենա՞նք, որ ապագայում գիտությանը, կրթությանը մեծ ուշադրություն կդարձվի, այդ թվում` ֆինանսավորման առումով:

— Այս հարցում մի փոքր հույս ունեմ․ որպես կանոն, պարտությունն ավելի ուսուցանող է, պարտվող կողմն ավելի մեծ շանսեր ունի դասեր քաղելու: Պարտությունն ավելի դաստիարակիչ է, քան հաղթանակը: Երբ Հայաստանը 90-ականներին հաղթանակեց, այդ հաղթանակը մեզ գցեց թմբիրի մեջ, մեզ թվում էր` միշտ այդպես է լինելու, մեծամտացանք, սկսեցինք ծաղրել, հեգնել մեր թշնամուն: Իմ միակ հույսն այն է, որ հիմա` ամեն քայլ անելիս, ամեն որոշում կայացնելիս թե՛ հասարակությունը, թե՛ որոշումներ կայացնողները իրենց հաշիվ կտան եւ կհիշեն, որ գիտությունը, կրթությունը չֆինանսավորելու, կադրային սխալ քաղաքականության պատճառով այս օրն ընկանք:

Բայց, ցավոք, մարդը մեկ ուրիշ հատկանիշ էլ ունի` շուտ է մոռանում: Կա նաեւ այդ ռիսկը, որ եթե կայունանա վիճակը, կարող է մոռանանք այն, ինչ կատարվեց: Մյուս կողմից էլ՝ պետք է մեզ ռեալ գնահատենք, եկեք ազնիվ լինենք, մենք գուցե կարող ենք ավելի լավ գիտություն ունենալ, բայց հաստատ մեզ դժվար կլիներ Թուրքիայի մակարդակին հասնել, որովհետեւ այս պատերազմում մենք միայն Ադրբեջանի հետ չէինք կռվում, նույն «բայրաքթարները» թուրքական գիտության արդյունքն էին։ Այդ հանգամանքն էլ պետք է հաշվի առնենք եւ մի քիչ ռեալ նայենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, ովքեր են մեր թշնամիները, քանի միլիոն են, մենք ինչքան ենք, որովհետեւ մեզ այս պատերազմում պոռոտախոսությունն էլ խանգարեց: Մեզ համար հեշտ չի լինելու մրցել 80 մլն-անոց Թուրքիայի հետ՝ իր ահռելի ռազմական կարողություններով, 10 մլն-անոց Ադրբեջանի հետ, որի ռազմական բյուջեն մի քանի անգամ մեզանից ավել է: Այնպես որ՝ պետք է մի քիչ էլ ռեալիստ լինենք, միֆերով պետք չէ կերակրել հասարակությանը ու հետո կանգնել կոտրած տաշտակի առջեւ:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика