«Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:

«Այսօր հանդիպել եմ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք մեծ հույսեր ունենք, որ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի: Ղարաբաղի հողը ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ»,- գրել է Միլոնովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Միլոնովին «սև ցուցակում» է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика