«Արցախը լինելու է ինքնակառավարվող երկիր՝ սա փաստ է, ռուս խաղաղապահների առկայությունը չի թուլացնում մեր անկախությունը». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից և այլ վայրերից դեպի Արցախ բնակիչների վերադարձ կատարվում է։

«Ստեփանակերտն աստիճանաբար նմանվում է, այսպես ասած, նորմալ քաղաքի, որտեղ գրեթե բոլոր շենքերում լույսեր կան, վառվում են, մարդիկ վերադառնում են։ Ճիշտ է, քաղաքում դեռ լրիվությամբ չի վերականգնվել բնակչության թվաքանակը, չգիտեմ՝ առհասարակ հնարավոր կլինի՞ վերականգնել բնակչության թվաքանակը թե՛ Արցախում, թե՛ այլ բնակավայրերում, բայց այդ ուղղությամբ պետք է քայլեր արվեն։ Այս ուղղությամբ ամենակարևոր երաշխիքներից մեկը, եթե ոչ ամենակարևորը՝ ռուսական խաղաղապահների առկայությունն է, որը ներշնչում է կայունության նկատմամբ սպասելիքներ ու հավատք։ Այլ հարց է, որ կան քաղաքացիներ, որոնց տները մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում, Մարտունու, Ասկերանի որոշ հատվածներ, Մարտակերտի մի քանի հատվածներ։ Այս տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը տարիներ է տևելու՝ առնվազն մի քանի տարիներ, քանի որ ծրագրեր պետք է ընդունվեն, բնակելի շենքեր կառուցվեն, վայրը հստակեցվի և այլն։ Բայց այն, որ համայն հայությունը և ոչ միայն, այս ուղղությամբ աշխատի։ Եթե մենք Արցախում կարողանանք 100 հազար բնակչություն ունենալ՝ կլինի մեծ ձեռքբերում, որպես առաջին փուլ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով այս պայմաններում Արցախի անկախության կորստի վտանգներին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքականության հայեցակարգում և չպետք է կենտրոնանալ այնպիսի գաղափարների վրա, որոնք գուցե շոյում են մարդկանց սիրտը, բայց իրականությունից կարող է կտրված լինել։

«Արցախը լինելու է ինքնակառավարվող երկիր՝ սա փաստ է, ռուս խաղաղապահների առկայությունը չի թուլացնում մեր անկախությունը կամ մեր ինքնակառավարման աստիճանը՝ ամենևին։ Ընդակառակը՝ ռուս խաղաղապահն ապահովում է մեր անվտանգությունը։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որպեսզի երկիրը լինի անվտա՞նգ, թե՞ ինչ-որ անկախության բանաձևեր, ասենք, նահանգներ կամ չգիտեմ թեկուզ երկրները ճանաչեն։

Իհարկե, այս պահին ամենակարևորը մեր անվտանգությունն է, իսկ անվտանգությունն արդեն իսկ կենսունակության հիմնական գրավականն է։ Ես իրատես եմ ու չեմ ուզում ընկնենք ձևական կենացների գիրկը, թեպետ շատ ժամանակ գտնվում էինք հենց այդ տիրույթում։ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որ կարևորում է ճանաչումը, բարոյական, ինչ-որ առումով էլ իրավական տեսակետից սա շատ լավ է, բայց իրականությունն այն է, որ ավելի կարևոր է մեր անվտանգության ապահովումը։

Հիմա մենք ամեն ձևով խուսափենք, որպեսզի խաղաքարտ չդառնանք աշխարհաքաղաքական պայքարում։ Մեկ անգամ սրա մասին ասել եմ և ուզում եմ կրկնել՝ հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր տեղերից հնչում է, որ Արցախը պետք է ճանաչվի, և այլն։ Բայց այս կոչերը ոչ թե գալիս են մեր շահերից, այլ որոշ ուժեր տեսնում են, որ, եթե ռուս խաղաղապահներն այստեղ են, գուցե Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքերը և փորձում է Արցախն օգտագործել Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական փոխհարաբերություններում, մենք սա չպետք է թույլ տանք, որովհետև այստեղ խաղաքարտ ենք դառնալու և շանս չունենք մեր ինքնուրույն խաղը խաղալու։ Չի ստացվելու, հատկապես այսպիսի իրավիճակում, երբ Արցախն այսպիսին է, երբեք պատմության մեջ Արցախը տարածքով այսքան փոքր չի եղել՝ կաթվածահար եղած։ Այսքանից հետո խոսել Արցախի ճանաչումից՝ մեղմ ասած, իրատեսական չէ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ արցախցիների մեծ մասը ցանկանում է հանրաքվե անցկացնել և մտնել Ռուսաստանի կազմի մեջ, քանի որ հասկանում է, որ Հայաստանը չի կարող իր անվտանգության երաշխավորը լինել, Դավիթ Բաբայանն ասաց, որ այստեղ տեսնում է շատ վտանգավոր ինչ-որ միտումներ, արհեստական։

«Ինչո՞ւ են այդպիսի լուրեր տարածում, որպեսզի արցախցիներին, Արցախի նկատմամբ կրկին հայաստանյան հասարակության ներքո կրկին ինչ-որ դժգոհություն, ատելություն սերմանել։ Ես չեմ բացառում, որ սա ադրբեջանցիների, թուրքերի և տեղական թուրքերի համատեղ աշխատանքն է։ Իսկ այն, որ ռուս խաղաղապահներն այստեղ են և ապահովում են մեր անվտանգությունը, սա փաստ է, և որևէ ապերախտ իրավունք չունի անտեսելու ռուսական գործոնը, որովհետև այսօրվա դրությամբ ռուսական ներկայությունն է միակ գրավականը, որ այստեղ խաղաղություն է։ Այո, ռուսական գործոնը վճռորոշ է, բայց նման գաղափարներ տարածողներն ու սերմանողները կա՛մ ներքին թուրքեր են, կա՛մ արտաքին։ Արտաքինը պարզ է, այդպես էլ պետք է աներ, նրանք երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները, բայց ներսում այդպես են անում, որպեսզի որոշ մարդիկ այս ամենի ներքո արդարանան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика